Արա Այվազյանի եւ Ավստրիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցի առանցքային թեման Ադրբեջանի ԶՈՒ-ի ՀՀ տարածք ներթափանցումն էր
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվեց նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Մտքեր փոխանակվեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվեց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով: