Արա Այվազյանը Դուշանբեից մեկնել է Դուբայ․ Երևանում կլինի կեսօրին. Տեսանյութ
Երեկ երեկոյան «Արա Այվազյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին» «Հրապարակի» նյութից հետո մեզ փոխանցեցին տեսանյութ, որտեղ Արա Այվազյանը քայլում է Դուբայի փողոցներում։ Մեզ մոտ կասկածներ առաջացան, թե ինչու է Արա Այվազյանը հայտնվել Դուբայում, եթե լրատվամիջոցներն արդեն գիտեն, որ պատրաստվում է վերադառնալ եւ հրաժարական տալ։
Ինչպես «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, Դուշանբեից Երևան ուղիղ չվերթ չկա։ Երևան հասնելու երկու տարբերակ կա՝ Մոսկվայով կամ Դուբայով։ Պարոն Այվազյանն ընտրել է Դուբայի տարբերակը եւ չվերթների արանքում դուրս է եկել քաղաք մի քանի ժամով։ Այս պահին նա գտնվում է ինքնաթիռի մեջ, ինքանթիռը վայրէջք կկատարի 12.00-ին։ Ենթադրվում է, որ օդանավակայանից նա անմիջապես գնալու է աշխատանքի։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եւ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբերում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։

