Արա Այվազյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Այսօր նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եւ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբերում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։ Մենք տեղեկացանք նաեւ, որ իշխանությունը փորձում է կանխել դա եւ երեկվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ռեվերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում եւ ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։ Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան։