Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի հարցով պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
ՀԱՊԿ–ին դիմել են 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
«Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսված ընթացակարգով ՀԱՊԿ անդամ երկիրը, դիմելով մյուս անդամներին, նախ նամակն ուղարկում է նախագահ-երկրին, իսկ այնտեղից արդեն ուղարկվում է քարտուղարություն։ Ներկա իրավիճակում Հայաստանը դիմում է Տաջիկստանին ՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի, ապա Տաջիկստանը դիմում է ՀԱՊԿ քարտուղարություն՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։