Քաղաքապետարանը վառելիք մատակարարող ընկերության հետ փորձում է խնդիրը լուծել և վերականգնել տրանսպորտի աշխատանքը. խոսնակ
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է վաղ առավոտից «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսների չաշխատելուն։
«Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։
Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը։
Ջրվեժի եւ Չարբախի ավտոպարկերում երթուղայինների վարորդները վաղ առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բողոքում են, որ արդեն տեւական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Մեկ ամիս է, նման խնդիր ունեն եւ որոշել են իրենց ձայնը բարձրացնել:
Վարորդները նշում են, որ իրենց վառելիք մատակարարող ընկերությունը CPS-ն է, եւ ինչ այդ ընկերությունը հայտնվել է, իրենց մատակարարումը շատ վատ է իրականացվում:

