Հյուրանոցի սենյակները տրամադրվել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկի սեփականատերը, գույքային օգուտ ստանալու նպատակով, հանցավոր համաձայնության գալով իր հաստատության աշխատակցուհու հետ, 2017-2020թթ. ընթացքում հաստատության սենյակները որպես կացարան տրամադրել են մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հյուրանոցի սեփականատիրոջը և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: