Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման հարցերով և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ավստրիական փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Նախարարները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի օրերին, և գոհունակություն հայտնել այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը բարձր են գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության շուրջ։

