«Երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունը»․ Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են «Եռաբլուր»
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է արել պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին և լուսանկարներ հրապարակել։
«Երեկ իմ խորհրդարանական գործընկերների հետ մեծ հուզմունքով կարողացա այցելել Երևանում «Եռաբլուր» ռազմական գերեզմանատուն:
Կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև, գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց երիտասարդ լինելը, որոնք ընկան Արցախում վերջին բախման ընթացքում:
Ուզում եմ ամբողջ հայ ժողովրդին, նրանց ընտանիքներին և սիրելիներին հայտնել իմ ողջ աջակցությունը: Ես երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունն ու տառապանքները և երբեք չեմ դադարի պահպանել իմ նվիրվածությունը հայկական հարցին»,-գրել է Պուպոնին: