Փաշինյանը հակադարձում է Փոստանջյանին 15 հազար դրամի վերաբերյալ. «Այն 100 տոկոսով պատասխանում է օրենսդրությանը»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է նրա, օրերս արված հայտարարությանը, ըստ որի, քաղաքապետ ընտրվելու դեպքում նա պատրաստ է 15 հազարական դրամ տալ բոլոր այն քաղաքացիներին, որոնք հրաժարվել են ընտրակաշառք վերցնել իշխանություններից:
«Եկեք հարցը դիտարկենք մի քանի ասպեկտներով: Առաջինը՝ արդյոք իրավական առումով մենք որևէ խնդիր ունենք այս առաջարկի հետ: Արդյո՞ք այն հակաօրինական որևէ տարր պարունակում է, թե՝ ոչ: Դրա պատասխանը, միանշանակ, բացասական է, այն 100 տոկոսով պատասխանում է օրենսդրությանը», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է քաղաքական ասպեկտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց պարտքն են համարում լուծումներ առաջարկել և միևնույն ժամանակ քննարկել քաղաքական ճգնաժամի լուծման այլ մեխանիզմներ:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ «ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը՝ դա ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է»:
Zham.am

