Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարներ խաբեությամբ պետությունից շորթել են շուրջ 110 մլն դրամ. ԱՀ ՔԿ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են.
«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած թվով 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: