Վալերի Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. ռազմական դատարանի ներկայացուցիչ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցչին։
«Իհարկե, նա իր պատիժը կկրի Ռուսաստանում», - պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ՌԴ որ տարածաշրջանում Պերմյակովը կկրի իր պատիժը:
Ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարարությունը հերքել է լուրը, թե Պերմյակովին կարող են փոխանակել ՌԴ-ում խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել։
Zham.am