Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Աստանայում Սիրիայի խնդրով հուշագիր են ստորագրել
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Աստանայում Սիրիայի խնդրով ընթացող բանակցություններին հուշագիր են ստորագրել արաբական հանրապետությունում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը, ելույթ ունենալով Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպման նիստին:
«Վերջին երկու օրվա ընթացքում Աստանայում բանակցությունների մասնակիցներն իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի դիտարկում: Արդյունքում երաշխավոր երկրները համաձայնեցին Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագիր ստորագրել», - տեղեկացրեց նախարարը:
Հուշագիրը ստորագրել է ՌԴ պատվիրակության ղեկավար, սիրիական հարցի կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ Իրանի ԱԳ ղեկավարի տեղակալ Ջաբերի Անսարին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Zham.am