Ռոբերտ Քոչարյան. Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ձգտում է վերաորակավորել իրեն ներկայացված մեղադրանքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը սա ասել է Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), որով նրան մեղադրանք էր առաջադրվել:
«Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի», - ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի եւ մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:
Zham.am