«Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է». Էրդողան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», նշել է, որ դրա «բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է»։ Բացի այդ Էրդողանը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։
«Ինչո՞ւ չդիտարկենք (սահմանի բացման-խմբ.) հարցը։ Նախկինում մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։
Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք, ի վերջո, լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։