Պայթյո՞ւնն է վտանգավոր, պատերա՞զմը, կորոնավիրո՞ւսը, թե՞ տգետ ղեկավարը
2021 թվականի փետրվարին բողոքի ակցիա էին անում անհետ կորածների և գերիների հարազատները․ նրանք ահազանգում էին մի հանցագործության մասին՝ պատմելով իրական պատմությունը։
6 հայ զինվոր պատերազմի ժամանակ հայտնվում է ադրբեջանցիների թիկունքում։ Նիկոլի՝ կապիտուլյացիա ստորագրելուց հետո դեռ 50 օր նրանք անտառներում են ապրում։ Ինչ-որ կերպ կարողանում են հեռախոսային կապ հաստատել հարազատների հետ, ասել, որ ողջ են։ Հարազատները գալիս-հանդիպում են Փաշինյանին, որ փրկության օպերացիա կազմակերպվի։ Նա, ուշադրությամբ լսում է, բայց փոխանակ անմիջապես միջոցներ ձեռք առնի, կանչում ու հարցնում է իր օգնական Նաիրի Սարգսյանին, թե՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին...»։ Նա էլ պատասխանում է, թե ո՛չ։
Նիկոլը ծնողներին ասում է, որ աննպատակահարմար է որոնողական աշխատանքներ անելը, հնարավոր չէ ողջ մնացած լինեն։ 50 օր տղերքը թաքնվում են անտառում։ 2020 թվականի դեկտեմբերի 27-ին ադրբեջանցիները նկատում ու տեղում սպանում են նրանց։ Այդ զինվորներն են՝ Ալբերտ Ստեփանյան, Սամվել Սամբատով, Սասուն Պետրոսյան, Կարեն Ներսիսյան, Հայկ Հարությունյան, Գրիշա Գրիգորյան։
Նրանք զոհվեցին, որովհետև մարդամեկը չէր հավատում, որ կարելի է 50 օր անտառում ցրտին ապրել։ Փաստ չուներ, վերլուծություն չուներ, մասնագիտական կարծիք չուներ, բայց էդպես էր մտածում։
Նման մի բան էլ այսօր է մտածել։
Օգոստոսի 14-ին պայթեց Սուրմալուն։ Տարբեր մասնագետներ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Բայց այս՝ զրպարտությունից բացի ոչ մի այլ հարցում չմասնագետը բոլոր քննարկումները փակում է սեփական դատողությամբ։ «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»,- ասում է նա։ Այսինքն, քանի որ ծուխ է եղել, մարդիկ էլ փախչել են, հետո նոր պայթյուն, ուրեմն ահաբեկչություն չէ, ըստ Փաշինյանի։ Երևի տեսանյութը նախկին օգնական Նաիրիի հետ է դիտել, հարցրել է՝ որ ծուխ կա, կարո՞ղ է ահաբեկչություն լինել, սա էլ ասել է, թե չէ։ Ու վերջ։
Սա ասում է կառավարության նիստում, մի 100 պաշտոնյայի ներկայությամբ ու ոչ մեկը չի ասում, ախր էդ ի՞նչ ես դուրս տալիս, հարգելի պարոն վարչապետ, մի հատ էլ դե արի սուրճի բաժակ նայի, նոր որոշենք։
Երկու օր առաջ գրել էինք կառավարման որակի մասին, որ էս որակով, էս մակարդակով այլ բան սպասել անհնար էր։ Սրանք բերում են աղետներ ու թաղում երկիրն ու ժողովրդին աղետի մեջ։ Սրանք մոտավոր հաշվարկներով, առանց պատասխանատվության զգացումի երկիր են կառավարում։ Վերաբերմունքը երկրի, կառավարման, ժողովրդի, կյանքերի նկատմամբ այսպիսին է։
Այսպես էլ պատերազմ են վարել, դրա համար պարտվեցինք։ Այսպես կորոնավիրուսի դեմ են պայքարել՝ պինցետի ու տնական արաղի օգնությամբ, դրա համար էլ ունեցանք 8 հազարից ավելի մահ։
Ինչո՞ւ են Հայաստանում համալսարաններ պահում, կրթություն տալիս, մասնագետ պատրաստում, փակեք ամեն ինչ, մեկ է՝ մի տգետ կարող է կառավարության նիստում իր տրամաբանությամբ որոշումներ կայացնել, իսկ ժողովուրդը տուժի կամ ոչ, նայած բախտի քմահաճույքին։
Սևակ Հակոբյան
Աղբյուր՝ yerevan.toda