ՄԱԿ-ն արձագանքել է ծեծկռտուքին խորհրդարանում, հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անընդունելի է անվանել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի և նրա պատգամավորների վրա:
«Բռնությունն, ուղղված ժողովրդավարական կառույցների և ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների դեմ, անթույլատրելի է», - ասվում է Դյուժարիկի զսպվածության կոչ անող հայտարարության մեջ:
Նախօրեին խորհրդարանի խոսնակ էր ընտրվել էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերին, ինչը բողոքի առիթ է դարձել և ստիպել ցուցարարներին հարձակվել խորհրդարանի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցույցի մասնակիցները խորհրդարան ներխուժելուց բացի ծեծի են ենթարկել ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին և Մակեդոնիայի Սոցիալ դեմոկրատների միության ևս մի քանի պատգամավորի, ինչպես նաև ալբանացի պատգամավոր Զիյադ Սելաին:
Երեկոյան Մակեդոնիայի ներքին զորքերը պատգամավորների ազատման գործողություն են իրականացրել, որոնք փակված էին մնացել խորհրդարանի մամուլի կենտրոնում: Երկրի նախագահ Գեորգ Իվանովն էլ իր հերթին հանդես է եկել ուղերձով, կոչ անելով խոշոր կուսակցությունների առաջնորդներին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ դուրս գալու ուղիները:
Zham.am