Սամվել Բաբայանը դատարանում հայտարարություն է արել (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր մասնակցել է իր գործով վերաքննիչ բողոքի քննությանը: Դռնփակ նիստում նա հանդես է եկել հայտարարությամբ:
«Նա ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում: Ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել»,- ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը։
Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանը դատարանից խնդրել է նաեւ վերացնել իր կալանավորման որոշումը: Թե դատախազը, թե քննիչն առարկել են՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական եւ հիմնավոր է:
Քաղաքական հայտարարություններով Սամվել Բաբայանը հանդես չի եկել:
Սամվել Բաբայանի խափանման միջոցը կփոխվի, թե՝ոչ, պարզ կդառնա վաղն առավոտյան:
Մանրամասները՝ A1+-ի տեսանյութում: