Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, որ տնօրենը կուրսեցի է
Հերթական սկանդալն է հասունանում դպրոցի տնօրենի շուրջ: Նախընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, բոլորիս մոտ դեռ թարմ է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքող տնօրենների շուրջ աղմուկը, և հիմա էլ աչքի է ընկել Հայաստանի կրթական համակարգի ամենահանրապետական տնօրեն Ռուզան Ազիզյանը: Այս կինը երկար տարիներ ղեկավարում ու կեղեքում է Մոնթե Մելքոնյանի անունը կրող թիվ 11 դպրոցը: Այս անգամ էլ դպրոցի աշակերտների ծնողներից մի քանիսը բաց նամակով դիմել են վարչապետին, խնդրելով վերջ տալ այս կնոջ ապօրինություններին:
Ծնողները նամակում պատմում են, որ դպրոցի տնօրենը զբաղվում է աշակերտներից և ուսուցիչներից դրամ շորթելով և ստորացնում է ուսուցիչներին, վիրավորելով նրանց արժանապատվությունը: Եվ սա եզակի դեպք չէ. տիկին Ազիզյանը շատ հաճախ է դառնում նման պատմությունների հերոս և ցանկացած այլ տնօրեն, նույնիսկ Հայաստանում, չէր կարող այսքանից հետո նույնիսկ մոտենալ դպրոցին, ուր մնաց թե դպրոցի տնօրեն մնա:
Սակայն Ռուզան Ազիզյանն ունի հաջողության պարզ գաղտնիք. նա Սերժ Սարգսյանի համակուրսեցին է և օգտվելով ՀՀԿ ղեկավարի հովանավորությունից, դպրոցը վերածել է…չգիտեմ էլ ինչ բառ գտնեմ, որ բնութագրեմ այն, թե ինչի այս կինը վերածել դպրոցը: Բանը հասել է նրան, որ աշակերտների վրա վերավաճառում է դպրոցն ավարտած աշակերտների համազգեստները:
Լավ, ես չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա նման ձևով «օգնել» համակուրսեցուն: Այլ հարց է, թե ինչի՞ համակուրսեցիներից հատկապես այս մեկն է առանձնանում նման պահվածքով: Բայց ախր Սերժ Սարգսյանը աղքատ մարդ չի…ուզում է օգնել, թող փող տա իր սիրելի կուրսեցուն: Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, որ Ռուզան Ազիզյանը Սարգսյանի համակուրսեցին է, ինչի՞ համար է պետք նրանց պատժել ու խայտառակ լինել այդ հանգամանքի պատճառով:
Դե հա, փեսուն էլ նշանակել է դպրոցի հաշվապահ ու հիվանդության պատճառով աշխատանքից բացակայող ուսուցիչների գումարներն է յուրացնում: Բայց դա էլ մի մեծ գումար չի, թող դա էլ համակուրսեցին փոխհատուցի, դե այսինքն մենք էլի: Ռուզան Ազիզյանի համակուրսեցիի բոլոր հարազատներին, բարեկամներին ու ծանոթներին մենք ենք պահում էլի, մի Ռուզան Ազիզյանն իր փեսայի հետ ի՞նչ են, որ չպահենք…էրեխեքն են մեղք:
Հ.Գ. Մի հետաքրքրական փաստ ևս. այս տարի հունիսի 1-ին լրանում է Ռուզան Ազիզյանի պաշտոնավարման 10 տարին, այսինքն նա տնօրեն է նշանակվել 2007 թվականի հունիսի 1-ին՝ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն հաղթեց:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից