Եկել է քաղաքական ծառայությունների համար վարձատրելու ժամանակը
Մի ընտրությունից չպրծած կրկին մտնում ենք նախընտրական քարոզարշավի փուլ։ Հիմա էլ «ընտրելու ենք» Երևանի քաղաքապետին, դե այսինքն մարդկանց, ովքեր Տարոն Մարգարյանին կրկին քաղաքապետ են ընտրելու։ Այս անգամ մասնակիցների վրա քարոզարշավը թերևս համեմատաբար էժան կնստի՝ թիմերը հավաքած են, լավից-վատից կարգախոսները կան, փողերն էլ արդեն բաժանել էին։
Մասնակիցներն էլ շատ հետաքրքիր են։ Դե պարզ է, ՀՀԿ-ն է, որ պետք է տնօրինի ու մեջ-մեջ անի Երևանի 200 մլն դոլարանոց բյուջեն, մյուս երկուսն էլ՝ հին ու բարի, կամ ոչ այնքան բարի «ընդդիմադիրներն» են, որոնք երբեմն «դեմ ըլլալով՝ կողմ են դառնում»։ Ինչպես, օրինակ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ Նիկոլը ջանք ու եռանդ չէր խնայում մարդկանց ուշադրությունն այդ գործընթացից շեելու համար, Զարուհի Փոստանջյանն էլ Նախախորհրդարանի հետ բոյկոտ էր քարոզում։
Այդ ժամանակ երկուսն էլ լավ ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին և հիմա եկել է ժամանակը, որ վարձատրվեն իրենց «աշխատանքի» համար։ Ասեմ, որ այդ ծառայություններն այնքան էլ թանկ չէին, ընդամենը մի քանի տեղ Երևանի ավագանիում, որ Նիկոլի ու Զարուհու կողմնակիցները մի քանի տարի ոչինչ չանեն ու աշխատավարձ ստանան։ Մյուս կողմից էլ սա ևս մեկ հարթակ է ղժղժալու, սկանդալներ սարքելու, «ընդդիմություն» խաղալու համար։
Նիկոլին նաև բաժին հասավ մի քանի մանդատ խորհրդարանում․սա էլ արդեն այլ գործարքի շրջանակներում։ Մեկ տարվա ընթացքում պետք է հասարակությանը նախապատրաստել ու «բացատրել», որ Կարեն Կարապետյանն այնքան էլ լավը չէ, ու լավ կլինի նրան փոխարինել․․․Սերժ Սարգսյանով։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից