Ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:
Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:
Եւ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:
Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են:
Տվյալ դեպքում, սակայն, կարեւոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարեւորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ եւ ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, եւ եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ եւ անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում