Թող մեզ ապացուցեն, որ մղձավանջի մեջ ենք. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
«Եթե իրոք Հայաստանում այդքան շատ մարդ կա, եթե իրոք գյուղն ավելի ակտիվ է, քան քաղաքը, եթե իրոք Հայաստանում այդքան նոր հասցե է հայտնվել, թող մեզ ապացուցեն, որ ամեն ինչ օրինական է և մենք ուղղակի մղձավանջի մեջ ենք և չենք հասկանում ինչ է կատարվում».- նշում է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Հաղորդում է «Հրապարակ»-ը:
Վերջինս լրագրողներին, քաղաքական գործիչներին, մարդկանց կոչ է անում չտրվել այն պնդումներին, թե մեր ժողովուրդն ազգովի ծախվել է և գնացել քվեարկել է ՀՀԿ-ի օգտին. «Չէր կարող այդպիսի բան լինել»: Գեղամ Նազարյանը համարում է, որ ցուցակների համադրման և վերլուծության շնորհիվ առաջին հերթին կպարզվի Հայաստանի իրական բնակչության թիվը, 18-ից բարձր. «Եվ գիտեք, իսկապես ծիծաղելի է, երբ ասում են՝ մենք մեր պարտականությունները կատարել ենք, քանի որ պարզ է չէ՞ որ հանցագործը՝ կրկնակի քվեարկության գնացողը, այդքան միամիտ չի»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանում Աղասի Դարբինյանի դատավարությամբ երեկ մեկնարկեց «ՕՐՕ» դաշինքի հայցադիմումի քննությունն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հիշեցնենք, որ «ՕՐՕ» դաշինքը պահանջում է չեղյալ համարել ԿԸՀ-ի թիվ 157-Ա որոշումը, որով մերժվել էր դաշինքի պահանջը (հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում համեմատել և վերլուծություն անցկացնել):
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի տեսանյութում: