Առողջ նորածիններ, առողջ հասարակություն
Ապրիլի 7-ին ողջ աշխարհում նշվող Առողջության համաշխարհային օրվա առթիվ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր աշխատաժողով՝ քննարկելու Հայաստանում նեոնատալ խնամքի որակը եւ ոլորտի ձեռքբերումները: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում:
Աշխատաժոովը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանում գործող հիվանդանոցների նեոնատալ խնամքի մասնագետներին, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանում առողջապահական համակարգում գործող տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի աշխատանքները եւ ձեռքբերումները՝ ներառյալ նեոնատալ խնամքի շուրջ 50 պրոտոկոլների մշակումը, թարմացումն ու կիրառումը, ընտանիքակենտրոն նեոնատալ խնամքի ներմուծումը եւ ծնողներին հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչպես նաեւ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների բուժքույրերի էթիկայի կոդեքսը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պրոտոկոլները տրամադրվել են Հայաստանի բոլոր մարզերի նեոնատալ խնամքի մասնագետներին, շուրջ 700 հոգի արդեն վերապատրաստվել է դրանք գործածելու համար: Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը նշեց, որ այդ պրոտոկոլներն օգնել են՝ բարելավելու երկրում նեոնատալ ծառայություններ տրամադրողների աշխատանքը, եւ որ այժմ մշակվում են մի շարք պետական չափորոշիչներ:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի մեկ այլ արդյունք է 24/7 հեռաբժշկության ծառայության ստեղծումը, որը թույլ է տալիս Երեւանում գտնվող Մուրացան բժշկական համալիրի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքին շուրջօրյա խորհրդատվույթուն կազմակերպել Հայաստանի բոլոր նեոնատալ ծառայություն տրամադրողների համար: 2016թ.-ին այս ծառայության հիմնումից ի վեր Մուրացանի նեոնատոլոգները ավելի քան 250 զանգ են ստացել երկրի տարբեր անկյուններից եւ աջակցել մարզային գործընկերներին՝ խնամելու նորածիններին եւ փրկելու նրանց կյանքը: