ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվել 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք կտրամադրվեն մարզերին
2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապօգնության ավտոմեքենաներ կտրամադրվեն մարզական բժշկական կենտրոններին․ այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
«Առաջնային համարելով ՀՀ մարզերում օգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, ՀՀ-ում Առողջապահության նախարարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում մարզերում բժշկական կազմակերպություններում նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող ամենագնաց և բարձր անցողականություն ունեցող տրանսպորտային միջոցների ապահովումը»,-ասաց նա:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շտապ օգնության ծառայությունը առողջապահության համակարգում գործող այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման և հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունի ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։ Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապօգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։
Այսպիսով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվող թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում