Կարող է մենք չենք տեսնում դուք ինչեր եք անում‚ բայց դուք հո՞ տեսնում եք
Հաճախ են ասում. փաստեր ներկայացրեք և մեր իրավապահները բոլոր մեղավորներին կպատժեն։ Բայց մեր կյանքում ավելի լուրջ ու խորը ճշմարտություններ կան‚ քան իրավապահներին վստահելը։ Մի խորիմաստ պատմություն պատմեմ։ Մի անգամ իմաստունը կանչում է աշակերտներին և խնդրում իր համար գնալ գողություն կատարելու։
- Ինձ գումար է պետք‚ գնացեք գողություն արեք։ Բայց մի պայմանով՝ այնպես գողացեք‚ որ մարդ չտեսնի։
Բոլոր աշակերտները գնում են։ Միայն մեկն է մնում։
-Դու ինչո՞ւ չգնացիր։ Միթե չես կատարում իմ հրահանգը։
- Իմաստուն‚ քո ասածն անհնար է անել։ Դու ասում ես‚ այնպես գողացեք‚ որ մարդ չտեսնի։ Ես հո՞ կտեսնեմ։
Հարգելի կաշառք տվողներ‚ վերցնողներ‚ արատավոր համակարգ աշխատացողներ և այդ համակարգի մասնիկներ։ Կարող է մենք չենք տեսնում դուք ինչեր եք անում‚ բայց դուք հո՞ տեսնում եք ինչեր եք անում։ Չնայած եթե ձեզ մարդ չհամարեք‚ կարող եք այնպես անել‚ որ մարդ չտեսնի։
Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից