Երկար պայքարից հետո Հայանիստում վերջապես ավտոբուս է գործում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայանիստցիները 5-ամյա բողոքի ցույցերից, պետական բոլոր հնարավոր կառույցների դռները թակելուց, նամակներից հետո վերջապես այսօր հասարակական տրանսպորտ ունեցան, որով կարող են Երևան հասնել:
Հայանիստը Արարատի մարզում է, գյուղը Երևանից շատ հեռու չէ, սակայն տեղի հասարակական տրանսպորտի խնդիրը առ այսօր կարգավորված չէր: Բնակիչները բազմիցս դիմումներ են ներկայացրել, ցույցեր կազմակերպել՝ պահանջելով, որ հարևան Խաչփառ գյուղը սպասարկող 35 համարի ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստը՝ մասնավորապես Գետաշեն թաղամասը:
«Տարիներ շարունակ Գետաշեն թաղամասի բնակիչները ոտքով 2 կմ են քայլել, որպեսզի հասնեն մոտակա կանգառ: Չնայած համայնքը սպասարկող տրանսպորտ կա, սակայն այն գալիս է Արմավիրի մարզի Արաքս համայնքից և մեր համայնք է մշտապես հասնում ծանրաբեռնված: Այժմ մեր բնակիչները կարող են նորմալ ձևով հասնել քաղաք, թեկուզ կանգնած, բայց ուղիղ կանգնած: Մենք պահանջում էինք ավտոբուս, քանի որ կան մարդիկ, ովքեր գյուղմթերք են տանում իրացնելու շուկայում և ավտոբուսը նրանց համար շատ մեծ նշանակություն ունի: Այսօր վերջապես լուծվեց մի խնդիր, որը մեծ նշանակություն ուներ համայնքի յուրաքանչյուր բնակչի համար» ,-zham.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհի Աննա Հարությունյանը:
Ինչպես պատմում է Աննա Հարությունյանը, Գետաշեն թաղամասի բնակիչներն այսօր առաջին անգամ հնարավորություն են ունեցել առանց երկար ճանապարհ կտրելու օգտվել հասարակական տրանսպորտից: Նրանց այսուհետ սպասարկում է համար 35 ավտոբուսը, որի ուղին 2 կլիոմետրով երկարացվել է:
«Հուսով եմ ավտոբուսը նորմալ կգործի և կգոհացնի թե՛ համայնքի բնակիչներին, թե՛ վարորդներին»,-հույս հայտնեց Աննան:
Zham.am