Սեյրան Օհանյան. «Մեզ պետք է իշխանափոխություն»
Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի աջակիցները Գեղարքունիքի մարզում են: Արծվանիստ համայնքում Սեյրան Օհանյանը կենաց ասաց, հաղթանակ մաղթեց, ու վստահեցրեց.«Մենք բոլորս, մեր ժողովրդի հետ միասին զգալու ենք հաղթանակի բերկրանքը, ես համոզված եմ»:
Սեյրան Օհանյանի մարտական ընկեր Գագիկ Մելքոնյանն ութերորդ ընտրատարածքում այս դաշինքի վարկանիշային թեկնածուներից է: Մելքոնյանը դիմելով Օհանյանին՝ ասաց. «Մեր ժողովուրդը մեծ հույսեր է կապում դաշինքի հետ»: Սեյրան Օհանյանն իր ելույթում այս անգամ էլ նշեց. «Մեզ պետք է իշխանափոխություն, քաղաքական էլիտայի փոփոխություն, որովհետեւ իշխանությունը երկար տարիներ նստելով ղեկին, լճանում է, ուզում է միայն լավ բաներ տեսնել, եւ չի տեսնում այն բոլոր թերությունները, որոնք կան, եւ նաեւ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն իրականացնելու»:
Zham.am