ARMTAB համակարգիչներ ՀՀ բնապահպանության նախարարությանը
ՀՀ բնապահպանության նախարարությունում շարունակվում են նախարարության նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները:
Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին զուգահեռ նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ շարունակվում է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում համակարգչային տեխնիկայով վերազինման գործընթացը: Մարտի 16-ին հերթական նվիրատվությունն է կատարվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից:
ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք վարչություններ ստացել են Հայկական արտադրության ARMTAB համակարգիչներ, որոնք թե նախարարության գործակարգավարական խորհրդակցություններին, թե արտագնա հանդիպումներում առավել դյուրին կդարձնեն աշխատանքը: Հիշեցնենք, որ մինչ այս Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը համակարգիչներ և շինարարական վերանորոգումներ էր իրականացրել ՀՀ բնապահպանության նախարարությունում:
Ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես նախաձեռնել նմանատիպ նվիրատվություններ` նախարարության աշխատանքային պայմանների բարելավման և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարի բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով: