Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում լուրջ ակտիվություն է նկատվում
«Ժողովուրդը» գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ նրանք փորձում են կողմերի դիրքորոշումները «մոտեցնել»: Այս հարցում հիմնական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ՌԴ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համաձայնությամբ: Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ, քննարկումների հիմնական թեման եղել է ԼՂ խնդիրը:
Մարտի 6-7-ը Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Լավրովի հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի քննարկումների թեման եւս վերաբերելու է ԼՂ խնդրին: Մարտի 14-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչեւ Մոսկվա մեկնելը՝ մարտի 8-9-ը, Սերժ Սարգսյանը լինելու է նաեւ Փարիզում: Նրանից մեկ շաբաթ հետո Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Իլհամ Ալիեւը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Ալիեւի հանդիպումների ժամանակ քննարկվելու է ԼՂ խնդիրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: