ԿԸՀ-ն գրանցել է 5 կուսակցությունների և 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական և տարածքային ընտրական ցուցակները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 5 կուսակցությունների և 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական և տարածքային ընտրական ցուցակները: ԿԸՀ որոշմամբ` գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վիճակահանությամբ տրամադրել են հերթական համարներ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող 877 ծրարներ: Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:
ՀՀ ԿԸՀ