ԱՀ ՊՆ-ն Ադրբեջանի հարձակումն ապացուցող նոր տեսանյութեր և ձայնագրություն է հրապարակել (տեսանյութեր, ձայնագրություն)
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ.
ա. հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը
բ. հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
գ. հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա. հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
բ. հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը: