Հայտնի են Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի չեմպիոնները
Ավարտվեցին Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունները։ Պայքարը հետաքրքիր էր և թեժ։ Տղամարդկանց առաջնությունում կար 5 առաջատար։ Նրանցից Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Պետրոսյանը խաղացին ոչ ոքի, իսկ Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրիասյանը պարտվեցին։ Վերջինիս նկատմամբ հաղթանակ տարավ Հովհաննես Գաբուզյանը, ով իր հաղթանակի շնորհիվ դարձավ 2017 թվականի Հայաստանի չեմպիոնը։ Տիգրան Պետրոսյանը 5 միավորով դարձավ փոխչեմպիոն, իսկ Հայկ Մարտիրոսյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը 4․5 միավորով կիսեցին 4-6-րդ տեղերը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը 4 միավորով 7-10-րդ տեղերը։
Կանանց մրցաշարում առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Աննա Հայրապետյանին, իսկ Մարիա Գևորգյանը հաղթեց Նարե Առաքելյանին։ Նրանք իրենց ակտիվում գրանցեցին 6․5-ական միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մարիա Գևորգյանը՝ պահպանելով իր տիտղոսը։ Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սուսաննա Գաբոյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։