Տաջիկստանի նախագահը նույնպես աջակցում է Բելառուսին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Հաղորդում է Tert.am-ը, belta.by-ին հղելով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Տաջիկստանի նախագան ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել առ այն, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերի իրագործում:
Ավելի վաղ Զասին որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ընդգծելով, որ բելառուս պաշտոնյան զինվորական է ու համապատասխան կրթություն ունի:
«Դուք ծանոթ ես ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը:
Հիշեցնենք, որ նախօրերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (նկատի ունի Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին): Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները», - ասել է Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է զիջեն մյուս անդամ երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ»:
Լուկաշենկոն նաև առաջարկել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուն՝ Զասը, այցելի կազմակերպության անդամ բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան:
Մանրամասները՝ Tert.am-ում: