Ուզբեկստանում իրավապահներին ստիպել են Ղուրանի վրա երդվել և կաշառք չվերցնել
Ուզբեկստանում իրավապահները խոստացել են չզբաղվել դրամաշորթությամբ ու կաշառք չվերցնել՝ երդվելով մահմեդականների սուրբ գիրքը համարվող Ղուրանի վրա, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ արտասովոր արարողությունը տեղի է ունեցել Տաշքենդի մարզի Յուքորիչիրչիքի շրջանում, նման կերպ Ուզբեկստանում իրականացնում են նախագահ Շավքաթ Միրզիյոևի կողմից հաստատված կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիրը:
Երդման արարողության ժամանակ ներկա է գտնվել շրջանի գլխավոր իմամը: Նա և հիմնարկի հերթապահ տեսուչը հրաժարվել են մեկնաբանել արարողությունը:
Ավելի վաղ Ուզբեկստանում երդվել են նաև ուզբեկ ֆերմերները՝ խոստանալով հավատարիմ մնալ իրենց գործին, նպաստել երկրի զարգացմանն ու չզբաղվել անազնիվ գործերով: Նման երդման արարողություններ երկրում անցկացվել են նաև բուժաշխատողների համար: