Կա ճնշում դատարանների վրա, կան նշանակված մեղավորներ, որոնց մեղքը յուրաքանչյուր գնով պետք է ապացուցվի. Ռ. Քոչարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին
«5-րդ ալիք» Հ/Ը-ն ֆիլմ է պատրաստել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, որտեղ իր տեսակետն է ներկայացնում նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է։ Փոխանցում է Tert.am-ը:
Նա պատմեց, որ ծանուցման մասին իմացել է, երբ Հունաստանում էր, տեղեկացրել են ընտանիքի անդամներն ու իր գրասենյակի աշխատակիցները։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր համար ծանուցումն անակնկալ չի եղել։
«Բավականաչափ հայտարարություններ կային, որ «Մարտի 1-ի» գործով քննությունը պետք է ակտիվացվի, և այս տեսանկյունից ծանուցումն ինձ համար անակնկալ չէր։ Ինձ մոտ վերադառնալու, չվերադառնալու հարց ընդհանրապես չէր առաջացել, բավական երկար ժամանակ մամուլում հնչեցվում էին տարբեր մտքեր մարտի 1-ի վերաբերյալ, և այդ ամենը կապվում էր իմ անվան հետ։
Ես մտածեցի, որ սա լավ առիթ է նաև այդ գործի քննության շրջանակում ցույց տալ հանրությանը, որ որևէ առնչություն չունեմ այդ 10 զոհերի հետ։ Այդ տեսանկյունից միայն դրական էմոցիաներ ունեի գործի քննության վերաբացման ու շարունակության վերաբերյալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ինքն ի սկզբանե ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, բայց ներկայանալուց անմիջապես հետո իրեն մեղադրանք առաջադրվեց։
«Բացի մեղադրանք առաջադրելուց, նաև որոշում կայացվեց, որ դիմեն դատարան կալանավորման հարց լուծելու համար, և միանգամից տպավորություն ձևավորվեց ինձ մոտ, հետագայում հիմնավորվեց, որ այս քննչական խումբը նպատակ չունի այս գործը բացահայտելու, այլ կա նշանակված մեղավոր, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ մեղքն ապացուցելու համար»,- շարունակեց Քոչարյանը։
Նա հայտարարեց նաև, որ հիմա իր համար զարմանալին այն է, որ այդ նույն պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել:
«Զարմանալի է, որ քննչական խմբի ղեկավարը շարունակում է մնալ ղեկավար ինձ հետ կապված քրեական գործում: Այդ մարմնի վարույթից պիտի հանեին ու այլ վարույթ տեղափոխեին, կամ քննչական խմբի ղեկավարը պետք է անմիջապես ազատվեր աշխատանքից, և սա ևս մեկ անգամ հաստատում է, որ կա ճնշում դատարանների վրա, չկա օբյեկտիվ քննություն, կան նշանակված մեղավորներ, որոնց մեղքը յուրաքանչյուր գնով պետք է ապացուցվի:
Եվս մեկ անգամ այդ հեռախոսազրույցը բացահայտեց նաև, որ կալանավորման նպատակը ցուցմունքներ կորզելն է, ինչը կոպիտ խախտում է և՛ եվրոպական կոնվենցիաների, և՛ մեր օրենսդրության, այս 2 չափազանց կարևոր հանգամանքները, կարծում եմ, ևս մեկ անգամ հաստատեցին բոլոր կասկածներս»,-ասաց նա: