«Ինչու է նյարդային Նիկոլ Փաշինյանը, ինչու արձակուրդ վերցրեց ու քարոզարշավը չվստահեց իր թիմին». Արմեն Աշոտյան
«Դուք լավ գիտեք, թե այս քարոզարշավի ընթացքում ինչու՞ է նյարդային Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ արձակուրդ վերցրեց ու քարոզարշավը չվստահեց իր թիմին։ Որովհետև թիմ չունի. Ինքը լավ գիտի, որ եթե այս 2 շաբաթը մնար վարչապետ, քարոզարշավ չէր լինի»,-այսօր Arm Daily-ի եթերում հայտարարեց ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը նյարդային է, քանի որ ինքն էլ է զգում, որ իր 80 տոկոսանոց վարկանիշը սրընթաց նվազում է:
Անդրադառնալով «Իմ քայլի» քարոզարշվաին, նա նկատեց, որ ծրագրային ելույթ և քննարկում չկա:
«Հայաստանին պարտադրվել է սև-սպիտակ իրականությունը։ Այսօրվա վարչակազմը Հայաստանի պատմությունը բաժանել է սև անցյալի ու սպիտակ ապագայի, բայց իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ է։ Այո, մենք շատ հաջողակ ընտրարշավ ենք անում. Վարչապետը կարծես մեր քարոզչական թիմի արտահաստիքային անդամն է, ամբողջ օրը զբաղված է մեր ուղերձները տարածելով, անգամ մեր պաստառների մասին է խոսում։ Պատկերացնու՞մ եք Հայաստանում քաղաքական դիսկուրսի դեգրադացման աստիճանը, որ երկրի վարչապետը խոսում է ընդդիմադիր կուսակցության պաստառների գույնի մասին։ Ծրագրային ելույթ ու քննարկում չկա։ Քաղաքական միտքն այնքան է արժեզրկվել, որ օրակարգային թեմա է դառնում ՀՀԿ-ի պաստառը»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը։