Մենք ժողովրդի առջև ստանձնած մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք.Նիկոլ Փաշինյան
Մենք կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները` առանց բացառության: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականի նոյեմբերի դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց բացառության: Մենք խոստացել էինք, որ եթե ժողովուրդը արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումն իշխանությունից, ընդ որում` խաղաղ ճանապարհով»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենք կարողացել են արմատախիլ անել նաև ընտրությունների կեղծման պրակտիկան:
«Երևանի ավագանուն և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք լիարժեք կատարել ենք այս պարտավորությունը»:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կարողացել է կատարել այս պարտավորությունը ևս:
«Իհարկե, այս պայքարը շարունակվում է և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այս պայքարը կշարունակենք: Մենք խոստացել ենք վերացնել նաև արհեստական տնտեսական մենաշնորհները և այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և այլ սահմանափակումներ չկան»:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև այսպես կոչված արտոնյալ անձանց գոյությանը` ընդգծելով, որ այսօր օրենքի առաջ հավասար են բոլորը:
«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք և օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը: Պարտավորությունը կատարված է:
Եվ վերջում, մենք խոստացել էինք կատարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս պարտավորությունը ևս լիարժեք կատարված է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով կառավարության կատարած աշխատանքները: