Չավուշօղլու. «Ֆրանսիայի արտգործնախարարը չափն անցել է»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին զայրացրել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի թեմայով Թուրքիային ուղղված մեղադրանքները, որոնցում ֆրանսիացի նախարարը պնդել էր, որ Թուրքիան իրենց չի տրամադրել սպանության ձայնագրությունը: Ինչպես նաև ֆրանսացի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը սպանված լրագրողի գործը օգտագործում է քաղաքական խաղ խաղալու համար։
Պատասխանելով այս հայտարարություններին Չավուշօղլուն ասել է.
«Նախևառաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը չափն անցել է։ Նա պետք է իմանա, թե ինչպես խոսել նախագահի հետ։ Եվ երկրորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ֆրանսիայի նախագահի հետ թող չշփոթի»:
Նա, անդրադառնալով սաուդցի լրագրողի սպանության ձայնագրությունը, պնդել է, որ թուրքական հետախուզությունը իր ձեռքում եղած տեղեկությունները և ձայնագրությունները տրամադրել են ֆրանսիական կողմին:
Բացի այդ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահին քաղաքական խաղ խաղալու մեջ մեղադրելը լկտիություն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքում հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:
Աղբյուր` Ermenihaber