Հանձնարարվել է ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի և մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից։
ՀՀ ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին։
«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: