Վարորդին ամեն տարի տրվելու է 9 բալ, որը ամեն խախտումից հետո նվազելու է
Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչյուր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:
«Այս համակարգը իրենից ենթադրում է նոր վարչական տույժի տեսակ, որը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումն է»,- այս մասին Armtimes.com -ի հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը եւ դրա ներդրման արդյունքում ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում:
- Բալային համակարգի կիրառման ժամանակային անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այսօր մեր կառավարության որդեգրած քաղաքականության մեջ արտացոլվում է, որ հնարավորինս պետք է թեթեւացվի սոցիալական բեռը: Տուգանելը պետք է հիմնական նպատակը չլինի վարչական իրավախախտումների համար:
Անհրաժեշտություն առաջացավ նախ եւ առաջ ավելի արդյունավետ կազմակերպել երթեւեկության անվտանգությունը, ավելի արդյունավետ վարչարարություն իրականացնել եւ այդ վարչարարությամբ նվազեցնել սոցիալական բեռը: Եթե հիշում եք՝ մայիսի 23-ից ճանապարհային ոստիկանությունը որդեգրեց մի քաղաքականություն, որով տուգանքների կիրառման պրակտիկայի մեջ էական մեղմացում եղավ: Մի շարք իրավախախտումներով տուգանքներ չէին կիրառվում, կիրառվում էր նախազգուշացում կամ դիտողություն:
Սակայն այս վարչարարության մեղմացմանը պետք է նաեւ զուգորդվի համարժեք միջոցառումների իրականացումով, որպեսզի դաշտը բաց չմնա: Այսինքն, որոշակի խումբ մարդիկ չսկսեն օգտվել այս հանգամանքից, եւ լավագույն լուծումը տուգանային համակարգի միավորների կիրառումն է:
Այս համակարգը իրենից ենթադրում է նոր վարչական տույժի տեսակ, որը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումն է, ինչը վրա է հասնում տուգանային միավորների սպառվելու պահից:
Այսինքն, այդ տուգանային միավորների սպառվելը արդեն իսկ վարչական տույժի տեսակ է, որը իրենից նյութական զրկանքներ չի ենթարկում, սակայն ստիպում է, որպեսզի վարորդները չկատարեն խախտումներ: Էությունը կայանում է նրանում, որ ցանկացած վարորդի տրվելու է ի սկզբանե 9 միավոր եւ որոշակի իրավախախտումների դեպքում, որոնք հանրորեն մեծ վնասակարություն ունեն, որոնք ՃՏՊ-ների առաջացման պատճառ են կամ նպաստող պայման, այդ խախտումներով տուգանային միավորները կնվազեն եւ սպառվելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը:
Այսինքն, այս պայմաններում վտանգի տակ է դրվում բազմակի իրավախախտումներ կատարելու դեպքում անձի վարորդական իրավունքը` 6 ամսով, ինչը, կարծում ենք, էական զսպող ազդեցություն կունենա իրավախախտումների այս աճի եւ ՃՏՊ-ների այս աճի տենդենցի նկատմամբ:
Մանրամասները՝ Armtimes.com կայքում: