Սաուդացի լրագրողի մարմինը, ամենայն հավանականությամբ, ոչ միան մասնատել, այլև տարալուծել են հատուկ նյութի միջոցով. «Հյուրրիյեթ»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի խորհրդական Յասին Աքթայը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսարանում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինն, ամենայն հավանականությամբ, ոչ միան մասնատել, այլև տարալուծել են հատուկ նյութի միջոցով:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, թուրք պաշտոնյան նշել է, որ Խաշոգջիի մարմնի մասնատման մասին տեղեկությունն իրենց մոտ հստակ առկա էր, սակայն այժմ իրենք կարծում են, որ սպանվածի մարմնի մասերը ոչնչացված են:
Ըստ նրա՝ թուրք իրավապահները խուզարկել են հնարավոր բոլոր տարածքները, սակայն չեն գտել մարմնի որևէ մաս:
«Այժմ մենք գալիս ենք այն մտքին, որ մարմինը տարալուծելով ոչնչացրել են: Նրանք նպատակ են ունեցել ոչ մի նմուշ չթողնել մարմնից», - ասել է Աքթայը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է. ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Աղբյուրը՝ Tert.am