ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի. ԼՂ ԱԳՆ
ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Դիտարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև նրանց օգնականներ Դեյվիդ Բյորնշտեյնը և Քենտին դե Ռանկուրը։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Երևան և հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Իսկ երեքշաբթի օրը համանախագահները Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: