Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Հեղափոխությունը շարունակվելու է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին:
Օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:
«Իմ քաղաքական գնահատականով՝ այսօրվա քվեարկությունը ի ցույց է դրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և առանց դրանց իշխանությունը չի կարողանա որևէ քայլ անել»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում վարում է սաբոտաժի քաղաքականություն, և դա վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ երևաց: Նրանք հույս ունեն, որ ԱԺ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: Ըստ էության, եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, դա որևէ բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և վերադարձ անցյալին չկա ու չի լինելու:
Ինչ ԸՕ-ով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, և ռևանշ չի լինելու. վերադարձ անցյալին, վերադարձ կոռուպցիային չի լինելու: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- ասալ է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև ՀՀ քաղաքացիներին կոչ է արել իրապես պատրաստվել արտահերթ ընտրությունների: