«Հյուպատոսարան կայցելե՞ս». Թուրք ընդդիմադիր լրագրողին սաուդցի լրագրողի ճակատագրով են սպառնացել
Թուրքիայում ազգայնական հայացքներով հայտնի Ֆերհան Աքայը «Twitter» սոցցանցում սպառնացել է ընդդիմադիր լրագրող Ջան Դյունդարին: Ընդդիմադիր հայացքների համար հետապնդումների ենթարկվելու պատճառով Դյունդարն այժմ բնակվում է Գերմանիայում: Ֆերհան Աքայը նրան սպառնացել է սպանված սաուդցի լրագրողի ճակատագրով:
Թուրանիզմի հետևորդ, հանցավոր բանդաներ ստեղծած ու ղեկավարած Սեդաթ Փեքերի աջ ձեռքը համարվող Աքայը վտարանդի թուրք լրագրողի վերաբերյալ մասնավորապես գրել է «Հյուպատոսարան կայցելե՞ս: Մի բան պետք է փորձենք…»:
Սաուդյան Արաբիայի քաղաքացի, սաուդյան իշխանությունների վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի, «Washington Post»-ի թղթակից Ջեմալ Խաշուկջին (Քաշըքչը) փաստաթղթային հարցերով հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այլևս դուրս չէր եկել այնտեղից: հարազատների դիմումներից ու առաջացած աղմուկից հետո թուրքական ոստիկանությունը գործ էր հարուցել, ինչի շրջանակներում ուսումնասիրություններ էր արել հյուպատոսարանի շենքում: Արդյունքում լրագրողի սպանության, այնուհետև մարմինը մասնատելու և Թուրքիայից դուրս հանելու վերաբերյալ փաստեր էին ձեռք բերվել: Դրանից հետո միջազգային ճնշման արդյունքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոստովանել էին, որ ընդդիմադիր լրագրողը սպանվել է հյուպատոսարանում՝ հարցաքննության ժամանակ:
Նոր Օգյուն Սամասթները պատրաստ սպասում են
Աքայի գրառման տակ ազգայնամոլական մեկնաբանություն է թողել թուրքական «Beyaz TV»-ի հաղորդավար Էմրե Օլուրը: Վերջինս, որպես հերոսի հիշատակելով Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին, գրել է. «Նոր Օգյուն Սամասթները պատրաստ սպասում են: Մի օր անսպասելիորեն կարվի այն, ինչ անհրաժեշտ է»:
Պոլսահայ հայտնի լրագրող, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող երկլեզու հայկական «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Սպանությունը ազգայնականների պատվերով իրականացրել էր այն ժամանակ անչափահաս Օգյուն Սամասթը ետևի կողմից Դինքի գլխին արձակած 3 հրազենային կրակոցով:
Աղբյուր` Ermenihaber.am