Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատար կապիտանին. նա կալանավորվել է
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։
Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: