Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակների վրա (տեսանյութ)
Հոկտեմբերի 11-ին Մարալիկում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն են տարածել խմբի անդամները․
«Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:
Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը»:
Միջադեպից հետո Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը դիմել են ոստիկանություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Մարդու իրավունքների պաշտպանը․
«Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այսօր Մարալիկում «Ադեկվադ» հաղորդման նկարահանող խմբի հետ կապված միջադեպի հանգամանքները գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»։