Ազնավուրի որդին ցանկանում է հաստատվել Հայաստանում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Հայաստանում հաստատվելու ցանկություն ունի: Նա այդ մասին ասել է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Հայաստանը բացահայտել է այստեղ կատարած ճամփորդություններից հետո եւ որ կցանկանար հաստատվել այստեղ հոր նպատակներն իրագործելու համար:
«Այն բացահայտել եմ իմ կատարած ճանապարհորդությունների ընթացքում։ Հենց առաջին այցի ժամանակ համակվեցի շատ ուժեղ զգացումով։ Հուսով եմ՝ հաստատվել Հայաստանում, որպեսզի իրականացնեմ այն ծրագրերը, որոնք հայրս նախաձեռնել էր»,- ասել է նա:
Մոտ օրերս Նիկոլյա Ազնավուրը Երեւանում ներկայացնելու է «Ազնավուր» կենտրոնի նպատակները: Ծրագրի գաղափարը Շառլ Ազնավուրի մոտ առաջացել է դեռեւս տարիներ առաջ: Նրա նպատակն է եղել ուրիշների հետ կիսվել ֆրանսերենով, երաժշտությամբ, կինոյով: Նիկոլյան կենտրոնը հանդիսավոր կերպով կբացի, հայեցակարգն ու գաղափարը հանրությանը կներկայացնի հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Zham.am