Արա Բաբլոյան. «ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է»
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունում քվեարկելուց հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ չի կարծում,թե նախորդների հետ մեծ տարբերություն կա. «Չեմ ասի, որ շատ մեծ տարբերություններ կան: Բայց ամեն դեպքում ինձ համար հանդուրժողականությունը ընտրական գործընթացում շատ կարեւոր է: Այո, պայքարը միշտ թեժ է լինելու, բոլորը ձգտում են, որ ունենան լավագույն արդյունքները, բայց երբեք չպետք է անձնավորել, չպետք է մեկը մյուսին վիրավորի: Ցավոք, մեկ-մեկ եղան դեպքեր, բայց հուսով եմ՝ կամաց-կամաց մենք էլ ավելի առաջ կգնանք ու ժողովրդավարությունը ավելի կամրապնդվի»:
Բաբլոյանը խոսեց նաեւ ԱԺ-ի ինքնալուծարման մասին եւ նշեց,որ խոսելը դրա մասին վաղ է համարում:
«Դա գործընթաց է, որը կապված է նրա հետ, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն: Արդեն ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների վրա: Երբ կիրականացվի այդ աշխատանքը, հետագայում նույն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին եւ իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խոսել դրա մասին, որովհետեւ գործընթացը շարունակվում է»,- ասաց Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: