Իսրայել-Ադրբեջան տանդեմի սլաքներն ուղղված են ՀՀ-ի ու Իրանի դեմ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մի քանի օր է պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Այցն ունի տարածաշրջանային բնույթ`Լիբերմանն այցելելու է նաև Վրաստան:
Իսրայելի համար Ադրբեջանն հակաիրանական կոալիցիայի մաս է`Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում հակաիրանական պլացդարմ: Վրաստանն այս պարագայում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նավթագազամուղերի լոգիստիկ միջանցքի մի տարր է, որը կարևոր է Իսրայելի էներգետիկ անվտանգության տեսանկյունից`կասպյան նավթագազային ռեսուրսները հենց այս երկրների տարածքով կարող են հասնել Իսրայել: Պատահական չէ, որ այսօր ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, որ Իսրայելը բարելավում է հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին`ադրբեջանա-իսրայելական ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։
Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններՆ այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:
Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ՝ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:
Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում:
Ապրիլյան քառօրյայի ժամանակ իսրայելական զենքերից խոցվել են հայկական զինտեխնիկաները: Այս ֆոնին ՀՀ-ն պետք է ուժեղացնի Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու տնտեսական կապերը:
Արտեմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից