Վարորդներին զսպելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում
Առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին ոստիկանության աղբյուրները: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները:
«Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով տեղադրվող տեսախցիկների թվաքանակին՝ Օսիպյանը նշեց, որ հնարավոր է այն երկու հազարից ավելի լինի կամ պակաս: «Սա ամենեւին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք եւ գումար վերցնելով՝ տուգանենք: Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոններին է՛լ ավելի հարգալից պահպանեն, քանի որ երթեւեկության բոլոր մասնակիցներն ունեն նույն հավասարությունը»:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: