Հետաքննչական կոմիտեն նոր գործ Է հարուցել Ջիգարխանյանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին
Նոր քրեական գործ Է հարուցվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից տեսակադրերի հրապարակման փաստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
«Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն նոր քրեական գործ Է հարուցել առանց անձի համաձայնության նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքման կամ տարածման մասին, որոնք նրա անձնական կամ ընտանեկան գաղտնիքն են»,-ասել Է Պարֆյոնովը: Փաստաբանի խոսքով՝ արտիստը տեղյակ Է նոր քրեական գործի հարուցման մասին եւ այդ գործով տուժած Է ճանաչվել:
Նոր քրեական հետապնդում սկսելու համար հիմք Է դարձել 2017 թվականի դեկտեմբերի 5-ին դաշնային հեռուստաալիքներից մեկով շարժական հեռախոսից տեսահոլովակի ցուցադրումը, որը նկարահանել ու մեկնաբանել Է Ջիգարխանյանի նախկին կինը եւ նրա թատրոնի նախկին տնօրենը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Տեսագրության մեջ ժողովրդական արտիստը ներկայանում Է խղճուկ տեսքով, իսկ բուն տեսահոլովակը փաստաբանը որակել Է «անվայելուչ»:
Ներկայում հաշտարար դատարանը քննում Է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ հարուցված առաջին քրեական գործը, որով նա մեղադրվում Է առանց անձի համաձայնության նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքման կամ տարածման մեջ, որոնք նրա անձնական կամ ընտանեկան գաղտնիքն են: